Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ
Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ավստրիացի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքը:
«Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մամուլի քարտուղարը նախագահի որոշման պատճառը չի նշել:
Ավելի վաղ Լուկաշենկոյին հաղթանակի առիթով շնորհավորել էին մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու Չինաստանի ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










