Ցուցարարները Բեյրութում փորձում են մոտենալ խորհրդարանական պալատին (տեսանյութ)
Բեյրութում ընդդիմադիր շարժման ակտիվիստները գրոհում են Օմարի մզկիթից դեպի Պլաս Էտուալ հրապարակում գտնվող խորհրդարանական պալատ տանող ճանապարհին տեղակայված մետաղական և բետոնե արգելապատնեշները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալության թղթակիցը, ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվում, ինչին ի պատասխան կրակոցներ են հնչում. հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներ են կիրառում:
Ոստիկանությունը դեռևս արցունքաբեր գազ չի կիրառում, քանի որ ցուցարարների շրջանում շատ են կանայք և երեխաները:
Ցուցարարներին չի բավարարում միայն կառավարության հրաժարականը, որի մասին հայտնի է դարձել նախօրեին: Նրանք պահանջում են նաև նախագահ Միշել Աունի պաշտոնաթողությունն ու խորհրդարանի ցրումը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում:
«Հրաժարական ներկայացրած վարչապետ Հասան Դիաբը կես տարում ոչինչ չկարողացավ անել, մենք նրան շատ հնարավորություններ ենք տվել, սակայն նա «մարիոնետ» դարձավ իշխող խորհրդարանական կոալիցիայի ձեռքում»,- ասել է ցուցարարուհիներից մեկը:
Հիշեցնենք, որ Բեյրութում ցույցերը չեն դադարում ուրբաթ օրվանից ի վեր: Երկրի բնակիչները պահանջում են նաև բացատրություն տալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունի համար, որի հետևանքով հարյուրավոր զոհեր են գրանցվել, ինչպես նաև մեծամասշտաբ ավերածություններ են տեղի ունեցոլ` խորացնելով առանց այդ էլ տնտեսական ճգնաժամ ապրող Լիբանանի դրությունը:










