Սերես մոլորակն «օվկիանոսային աշխարհ» է, դրա մակերևույթի տակ մեծ քանակությամբ ծովային պաշարներ կան. գիտնականներ

13:33 • 11.08.20

Արեգակնային համակարգի երկնաքարերի գոտում գտնվող Սերես գաճաճ մոլորակը, որը երկար ժամանակ համարվում էր «անպտուղ» երկնային մարմին, իրականում «օվկիանոսային աշխարհ» է, որի մակերևույթի տակ ծովային ահռելի պաշարներ կան:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս են վկայում մոլորակի հետազոտման վերջին թարմ արդյունքները:

ՆԱՍԱ-ի Dawn տիեզերական սարքին հաջողվել է Սերեսի մակերևույթի բարձրորակ լուսանկարներ ստանալ: Մակերևույթից ընդամենը 35 կմ հեռավորության վրա արված լուսանկարներն ուսումնասիրել է ամերիկացի և եվրոպացի գիտնականներից բաղկացած թիմը: Նրանք առավել մեծ ուշադրություն են դարձրել  քսան միլիոն տարվա պատմություն ունեցող Օկատոր խառնարանին՝ պարզելով, որ դրա տակ իրականում մեծ ծով կա:

Հատկանշական է, որ գիտական խմբերից մեկը, կիրառելով ինֆրակարմիր պատկերում, հայտնաբերել է մեծ քանակությամբ հիդրոգալիտ, որը հանդիպում է ծովերի սառույցներում և մինչ այս Երկրի սահմաններից դուրս դեռևս չի հայտնաբերվել:

«Այժմ մենք կարող ենք ասել, որ Սերեսն այսպես կոչված «օվկիանոսային աշխարհ» է, ինչպես որ Սատուրնի և Յուպիտերի արբանյակներից որոշները»,-նշել է Հռոմի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական Մարիա Կրիստինա դե Սանկտիսը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հիդրոգալիտը ծովի ջրի առկայության հստակ նշան է:



 

Սերես մոլորակն «օվկիանոսային աշխարհ» է, դրա մակերևույթի տակ մեծ քանակությամբ ծովային պաշարներ կան. գիտնականներ