Եվրոպական հանձնաժողովը կասկածներ է հայտնել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ
Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ լուրջ կասկածների մասին` հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ցավոք, միջազգային դիտորդների մասնակցության հնարավորություն չկար... Այնուամենայնիվ, այնտեղ տեղացի անկախ դիտորդներ են եղել: Մեր ստացած տեղեկատվության հիման վրա կան լուրջ կասկածներ Ընտրական հանձնաժողովի հայտարարած տվյալների ճշմարտացիության վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










