«Մենք նոր արյուն ենք ուզում». լիբանանցիները փոփոխություններ են պահանջում կառավարության հրաժարականից հետո

18:50 • 11.08.20

Լիբանանի բարկացած ժողովուրդը, որը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունից հետո օրեր շարունակ պահանջում էր իշխանությունների հրաժարականը, պնդում է, որ կառավարության հրաժարականով ամեն ինչ չի ավարտվի:

Այս մասին գրում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` նշելով, որ երկրի բնակիչներից շատերի համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը վերջին կաթիլն էր տնտեսական ճգնաժամի և կոռուպցիայի և կառավարության անգործության հարցում:

Քաղաքացիները շարունակ գրառումներ են անում սոցցանում. «Կառավարության հրաժարականով ոչինչ չի ավարտվում»: «Դեռ կան նախագահ Միշել Աունը, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Լավ էր, որ կառավարությունը հրաժարական տվեց, բայց մենք նոր արյուն ենք ուզում, այլապես ոչինչ չի ստացվի»,- Reuters գործակալությանն ասել է արծաթագործ Ավետիս Անսերլյանը` ցույց տալով իր ավերված խանութը:

«Չեմ կարծում, թե կառավարության հրաժարականն ինչ-որ բան կփոխի: Բոլոր նախարարները Լիբանանում ուղղակի դեմքեր են, որոնց հետևում կանգնած են ամեն ինչ վերահսկող զինվորականները», -ասվում է մեկ այլ օգտատիրոջ գրառման մեջ:

Հիշեցնենք, որ կառավարությունը` վարչապետ Հասան Դիաբի գլխավորությամբ, հրաժարական է տվել նախօրեին` ելնելով երկրում չդադարող ցույցերից և քաղաքացիների պահանջից: