Մինսկում ձերբակալվածները ոստիկանության բաժանմունքում շարքով պառկած են գետնին. լրատվամիջոցներ (տեսանյութ)

13:25 • 11.08.20

Nexta live թելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որը ցուցադրում է Մինսկի ոստիկանական բաժանմունքներից մեկի ներքին բակը: Այն լի է բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներով, որոնք շարքով պառկած են գետնին:

«Բողոքի ցույցերից հետո... առավոտը Մինսկի ոստիկանության բաժանմունքում: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու ենք մենք կոչ անում ոչ մեկին չտալ պատժիչների ձեռքը»,-ասված է տեսանյութին կից գրառման մեջ:

Ձայնագրության մեջ լսվում է նաև տեսանյութը նկարահանող երկու կնոջ խոսակցությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Տեսանյութն` այստեղ: