Միխայիլ Եֆրեմովի ինքնազգացողությունը վատացել է դատարանում․ դերասանին անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել (տեսանյութ)
Մոսկվայում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր դարձած դերասան Միխայիլ Եֆրեմովի ինքնազգացողությունը վատացել է դատարանում: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության ծառայությունը․ համապատասխան տեսանյութերը հայտնվել են Life Shot թելեգրամյան ալիքում։
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանին մեքենայից դատարանի աշխատակիցներն են դուրս բերել։ Այդ ընթացքում դատարանի շենքի մոտ հավաքված մարդիկ՝ դերասան Նիկիտա Ջիգուրդայի գլխավորությամբ, բացականչել են, որ Եֆրեմովն անմեղ է։
Նշվում է, որ շտապօգնության բժիշկները Եֆրեմովի՝ դատարան հասնելուց հինգ րոպե անց են ժամանել դեպքի վայր և արդեն որոշ ժամանակ անց նրան անգիտակից վիճակում դուրս բերել դատարանից։
Տեսանյութը՝ այստեղ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Եֆեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։
Ավելի ուշ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել դերասանի դեմ։
Հայտնի է, որ Եֆրեմովն ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ է վարել մեքենան, ուստի՝ նրան կարող է 5-12 տարվա ազատազրկում սպառնալ։
Միխայիլ Եֆրեմովը պատահարից օրեր անց տեսանյութ էր հրապարակել, որում զոհի` Սերգեյ Զախարովի ընտանիքից ներողություն է խնդրել կատարվածի համար։
Իսկ վերջերս նա չի ընդունել իր մեղքը՝ ասելով, թե ինչպես կարող է մեղավոր լինել, եթե բան չի հիշում:
Վթարի տեսանյութը.










