ՌԴ-ի հետ սահմանները բացելու քննարկումներ են ընթանում, իսկ Վրաստանի և Իրանի մասով դեռ որևէ բանակցություն չկա. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

15:28 • 12.08.20

ԱԺ հատուկ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող պարետ Տիգրան Ավինյանին մի քանի հարց ուղղեց: Նա հետաքրքրվեց, արդյոք պարետը կամ վարչապետը բանակցություններ սկսել են Վրաստանի վարչապետի հետ ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիներին անձնական մեքենաներով ՀՀ բերելու վերաբերյալ:

Նրա հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք պարետը կամ վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ սկսե՞լ են, որ Հայաստանում հազարավոր արտագնա աշխատող մարդիկ կարողանան գնալ ՌԴ և աշխատել այնտեղ, որտեղ ունեն աշխատատեղեր: Բացի այդ Մարուքյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ ամիս առաջ արտակարգ դրությունը երկարացնելու ժամանակ Ավինյանն ասել էր, որ օրենքներում համապատասխան փոփոխություններ պետք է արվեն, որ արտակարգ դրությունն այլևս չերկարացվի: «Ի՞նչն է պատճառը, որ անցած մեկ ամսվա ընթացքում մենք այդ օրենքներում փոփոխություններ չենք կատարել»,- հարցրեց նա:

Ավինյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու հետ կապված և արդեն անհատական բանակցություններ են գնում: «Մեր ԱԳՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Աշխատանք ՌԴ հետ տարվում է երկկողմանի սահմանները բացելու  և հետագա կարգավորումների հետ կապված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրանց հետ այս փուլում որևէ բանակցություն չկա սահմանների բացման հետ կապված: «Դա կապված է զուտ համաճարակային վիճակով, դեռևս, կարծում եմ, այն փուլում չենք, որ նաև բանակցություններ վարենք: Նույնը Իրանի հետ է: Չկան բանակցություններ, բայց արդեն համաճարակային հետագա բարելավման պարագայում և նաև ընդհանուր աշխարհում կորոնավիրուսի վարակի հետագա նվազեցման դեպքում, կարծում եմ, այս հարցերը կքննարկվեն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է անհատական ավտոմեքենաներով Վրաստանից ՀՀ քաղաքացիների վերադարձին Ավինյանն ասաց, որ նախկինում եղել են ավտոբուսներով տեղափոխումներ, դրանք կազմակերպվել են մեր հյուպատոսության աշխատանքների շնորհիվ: «Ընդհանուր առմամբ, Ձեր առաջարկը նվազագույնը քննարկելի է: Եթե դա մեկ-երկու օրվա հարց է, դա քննարկելի և բանակցելի է վրաց գործընկերների հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով օրենքների մշակման հարցին Ավինյանը նշեց, որ այդ նախագծերը վերջնական տեսք ունեն: «Երբ ասացի, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի, դա այն նախապայմանն ունի, որ օրենքի այդ նախագծերն ԱԺ-ն կքննարկի և համապատասխանաբար օրենքների կարգավորումներով արտակարգ իրավիճակները կառավարելու ռեժիմին կանցնենք: Արդեն վերջնական քննարկման փուլում ենք, օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին կքննարկի ԱԺ-ն այդ փաթեթները»,- ասաց նա: