«Մենք Միջերկրական ծովում Հունաստանի հետ առկա խնդիրները ցանկանում ենք լուծել երկխոսության ճանապարհով». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:34 • 12.08.20

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի հետ առաջացած խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերության թուրքական ծառայությունը:

Աքարը հայտարարել է նաև, թե Թուրքիան «հանդես է գալիս միջազգային իրավունքի դիրքորոշումից՝ ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ դրանից դուրս»:

«Մենք ցանկանում ենք Միջերկրական ծովի արևելյան մասում Հունաստանի և Թուրքիայի միջև ծագած խնդիրը լուծել երկխոսության ճանապարհով: Մենք հանդես ենք գալիս միջազգային իրավունքի տեսանկյունից` ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ դրանից դուրս»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարը նաև անդրադարձել է Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված ծովային սահմանազատումների վերաբերյալ համաձայնագրին` այն անվանելով ապօրինի:

«Մենք ցանկանում ենք հավատալ, որ ողջամտությունը կհաղթի: Մենք երկխոսության և բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ենք»,-հայտարարել է թուրք պաշտոնյան:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով: