Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, բայց առավելագույնը կանի՝ որևէ անկյունից գաղթած իր հայրենակցի համար. Մխիթար Հայրապետյանը՝ լիբանանահայության մասին
ՀՀ-ն պատասխանատվության մեծ զգացում ունի սփյուռքի հայ համայնքների առաջ, Լիբանանում վերջերս տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, որ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց, ինչպես լիբանանացի մեր բարեկամ ժողովրդի, այնպես էլ լիբանանահայ քաղաքացիների շրջանում, կրկին գործուն քայլերի է մղում ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց Կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Խոսելով առհասարակ Մերձավոր Արևելքի և սփյուռքի մայր գաղթօջախներրի մասին՝ պետք է ասեմ, որ այդ համայնքները լիուլի տեղավորվում են մեր կատարյալ պատկերացումների մեջ, որովհետև մեր երազած սփյուռքը հետևյալն է՝ մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է լինեն լիակատար մասնիկը, տվյալ երկրի ինտեգրված քաղաքացին՝ միևնույն ժամանակ պահպանելով սեփական ազգային ինքնությունը»,- ասաց նա:
Հայրապետյանը ասաց, որ դեռևս նախարար եղած ժամանակ այցելել է Լիբանան, Սիրիա և Եգիպտոս և կարող է հպարտությամբ ասել, թե ինչ հիացմունքով էին խոսում գործընկերները տեղի հայ համայքների մասին՝ ընդգծելով հայ ժողովրդի բազմադարյա ունեցած ներդրումը Լիբանանի, Սիրայի, Եգիպտոսի տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտական բնագավառներում:
«Ինձ համար մեծագույն հպարտություն էր լսել դա մեր գործընկերներից: Առհասարակ Լիբանանում մեր հայ համայնքը տասնամյակներով բազմաթիվ դժարությունների միջով է անցել: Ես ուզում եմ ԱԺ ամբիոնից նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, Լիբանանի ժողովրդին, որ թե քաղաքացիական պատերազմում, թե դրանից հետո կարողացել են նաև պաշտպանել և իրենց հովանու տակ առնել նաև մեր հայրենակիցներին՝ մարդկանց, որոնք իրենց ունեցած ներդրման համար գնահատվել են տվյալ երկրի իշխանությունների կողմից»,- նշեց նա:
Պատգամավորը շեշտեց, որ այսօր Հայաստանը ոչ միայն պատասխանատվության զգացում ունի տեղի հայ համայնքի, այլև Լիբանանի ժողորվրդի նկատմամբ և վերջին հումանիտար օգնությունները ՀՀ կառավարության կողմից ուղարկված վստահ է՝ կրելու են պարբերական բնույթ:
«Շատ կարևոր է, որ մենք մեր լավագույնն անենք, որ հոգ տանենք մեր հայրենակիցների մասին, որոնք այսօր դժվար կացության առջև են, բայց միևնույն ժամանակ ասել ՝մեր հայրենակիցները, որոնք այնուամենայնիվ կարևորագույն որոշում կկայացնեն լքելու որևէ երկիր, որտեղ որևէ հնարավորություն չեն տեսնում գոյատևելու, ստեղծագործելու, ՀՀ-ն լինելու է իրենց երկրորդ տունը: Տասնամյակներ շարունակ մեր երկիրը մեր հայրենակիցների համար համարվել է հուզական տարածք, բայց ոչ որպես տուն, ոչ որպես մի պետություն, որտեղ կարելի է գալ ապրել։Այսօր այն ՀՀ-ն, որ ստեղծում ենք, լինելու է որպես տուն»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ մեր այն հայրենակիցը, որը նման պատասխանատու որոշում կկայացնի՝ տեղափոխվել որևէ երկիր, այդ երկիրը պետք է լինի Հայաստանը: Նա ընդգծեց՝ ոչ թե Հայստանը պետք է լինի տրանզիտ երկիր, այլ պետք է լինի երկրորդ մշտական տունը մեր հայրենակիցների համար:
«Ուզում եմ անկեղծորեն ասել մեր հայրենակիցներին այսօր Հայաստանը լրջագույն, խրթին մարտահրավերների առաջ է կանգնած, ցավոք սրտի, մենք դեռ չենք ստեղծել այն պետությունը, որը յուրաքանչյուր աշխարհասփյուռ համայնքի խնդիր կկարողանա այսօր լուծել, բայց Հայաստանը իր լավագույնը, առավելագույնը կանի, որ իր ուժերի սահմաններում, առանձին դեպքերում նույնիսկ ավելին քան իր ուժերի սահմաններում է, որ դառնա տունը աշխարհասփյուռ որևէ անկյունից Հայաստան ստիպված կամ մեծ ցանկությամբ տեղափոխված իր հայրենակցի համար:
Լիբանանի ժողովրդին և լիբանանի հայ համայնքին մեր հայրենակիցներին ուժ և տեկունություն եմ մաղթում»,- եզրափակեց Մխիթար Հայրապետյանը:










