Ինչքան շուտ հանենք արտակարգ դրությունը, այնքան մեր քաղաքացիները, հայրենակիցները, որոնք ցանկանում են վերադառնալ կամ մեկնել Հանրապետությունից՝ կշահեն. Էդմոն Մարուքյան

19:52 • 12.08.20

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ՀՀ- ում արտակարգ դրությունը չեղարկել:

Նրա խոսքով`անիմաստ է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, բազմաթիվ սահմանափակումների տեղիք է տալիս՝ Հայաստանից դուրս եկող քաղաքացիների համար:  Ըստ  նրա՝Հայաստան եկող կանոնավոր չվերթները չեն վերականգնվում և դեռ հարց է՝ թե բանակցությունների արդյունքում այդ չվերթները կվերականագնվեն, թե՝ ոչ: 

«Բաց տարածքներում դիմակի կրումը անիմաստ է, փակ տարածքներում`խանութ, գրադարան, հանրային տրանսպորտ՝ պարտադիր է: Պետք է պահպանել փակ տարածքներում դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը և հետևել հիգիենայի կանոներին: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արտակարգ դրության ռեժիմի հանման դեպքում չենք կարող ինքնամեկուսացման ռեժիմը պահել, մենք իրավակարգավորում ունենք,  որ եթե մարդը գիտի, որ ինքը վարակակիր է և գիտակցաբար վարակում է այլ մարդկանց, պատասխանատվության է ենթարկվում: Հետևաբար, վարակակրին կարելի է ծանուցել, որ վարակակիր եք՝ մեկուսացեք: Ինչքան շուտ հանենք արտակարգ դրությունը, այնքան մեր քաղաքացիները, հայրենակիցները, որոնք ցանկանում են վերադառնալ կամ մեկնել Հանրապետությունից՝ կշահեն, կշահի նաև տնտեսությունը, և մեր երկիրը: Առաջարկում ենք, որ Խորհրդարանը չեղարկի Կառավարության արտակարգ դրության երկարաձգելու որոշումը, որի արդյունքում Կառավարությունը  պարտավորված կլինի արագ գալ Խորհրդարան և արագ ընդունել մյուս օրենքները». ընդգծեց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ  այժմ ցուցակագրվում են, թե  ՀՀ որքան քաղաքացիներ են  իրենց անձնական մեքենաներով ցանկանում Վրաստանից վերադառնալ հայրենիք: Նա կարևորեց, որ երբ Հայաստանի Կառավարությունը Վրաստանի հետ  սկսի քննարկումները,  հրապարակվի,  թե  որ ժամին և քանի մեքենա  է ուղեկցվելու Հայաստանի Հանրապետություն, կարևոր է նաև, որ  հնարավորություն տրվի  ՀՀ քաղաքացիների գույքը վերադարձնել Հայաստան: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ.

«Իմ իմանալով, եթե արտակարգ դրությունը չշարունակվեր, ՌԴ-ը ՀՀ-ի հետ կանոնավոր չվերթները վերականգնելու էր: Հիմա ասվում է, որ այնտեղից կարող են գալ, իսկ եթե այստեղից չեն կարող գնալ, այդ ո՞ր ավիաընկերություններն են պատրաստվում գալ Հայաստան և դատարկ ինքնաթիռով գնալ Հայաստանից, հետևաբար համաձայնությունը պետք է լիներ երկկողմանի»,-եզրափակեց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ արտակարգ դրության չեղարկման նախագիծը՝ կողմ՝ 22 և դեմ՝ 68  ձայնով չընդունվեց: