Ինչո՞ւ մեզ չեն հարգում, մարդ չե՞նք, թքած ունեն մարդկանց վրա. ՌԴ մեկնել ցանկացողները հանդիպեցին Կառավարության ներկայացուցչի հետ

15:34 • 12.08.20

Այսքան ժամանակ կանգնած խնդրում ենք, որ օգնեն մեզ, անտեսում են, ժողովուրդը մեղք է, պարոն Փաշինյան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցներից Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսը հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման:

Ակցիայի մասնակիցները դուրս եկան Կառավարության անդամների հետ քննարկումից: «Կառավարության ներկայացուցչի հետ խոսեցինք, պարզ է դառնում՝ ոչ մի բանով մեզ չեն ուզում օգնել: Ասում ենք՝ տվեք հնարավորություն, որ մարդկ կարողանան վերադառնալ ու իրենց ընտանիքին միանալ: Ասացին, որ կփոխանցեն այս խնդիրը և կփորձեն  այնպես անել, որ և Հայաստանի քաղաքացիները և ՌԴ քաղաքացիները կարողանան գնալ, ոչ մի հստակ  պատասխան չտվեցին»:

Ըստ նրա՝ խնդրի մասին փոխանցելով ոչինչ չի կարող փոխվել, Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում, որպեսզի կարողանան ելքեր գտնել: «Վիճակն ավելի վատ է, ցուցակումս 2000 մարդու տվյալ կա նույն խնդրով, ամեն օր ինձ զանգում են, լաց են լինում, որ տուն չեն կարող գնալ: Ինչո՞ւ մեզ չեն հարգում, Կառավարությունն առաջինը մարդկանց մասին պետք է մտածի, ոչ թե իրենց մեքենաների, վարորդների մասին, մարդ չե՞նք, թքած ունեն մարդկանց վրա»:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ Կառավարությունից ոչ ոք դժվար աշխատանք անել չի ուզում, նույնիսկ ցուցակագրում չի կատարվում, և ինքն ստիպված է լինում ցուցակագրել այն մարդկանց անունները, որոնք կորոնավիրուսի տարածումից հետո Հայաստանում են եղել, նրանց մի մասը ՌԴ քաղաքացի է, իսկ մի մասի ընտանիքներն են այնտեղ, և այսօր նրանք հնարավորություն չունեն վերադառնալ այնտեղ:

«Մենք ասել ենք՝ շատ խնդիրներ կան, բայց կարծես՝ ասած-չասած մեկ էր, պարզապես կանչել էին հանդիպման, որպեսզի հանգստանանք, մարդկանց օգնություն է պետք: Մեզ պետք է, որ Փաշինյանը մեզ հետ խոսի, այսպիսի աշխատողները որևէ հարց չեն լուծում, նորմալ պատասխան չեն տալիս»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ՌԴ-ից քաղաքացիները կարող են գալ Հայաստան, այսինքն՝ հայկական կողմն իր մասով քայլ է կատարել, մնում է Ռուսաստանը ևս քայլ անի: