Կորոնավիրուսի ընթացքում ՀՀ-ում մահացել է 1040 քաղաքացի, այս մահերի համար պետք է պատասխան տրվի. Վահե Էնֆիաջյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)

17:00 • 12.08.20

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում մահացել է 1040 քաղաքացի, և այս մահերի համար պետք է պատասխան տրվի: Դուք ՝որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս դառը իրողությունը: ԱԺ հատուկ նիստին դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: 

Պատգամավորն ընդգծեց նաև, Հայաստանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով: «Սա ուղիղ գնահատական է Ձեր գործունեությանը»,- հավելեց Վահե Էնֆիաջյանը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե ՀՀ Կառավարությունը, ինչպես և հայտարարել էր, մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, ինչպես նաև՝ տեղեկատվության տրամադրման առումով:

«Առավել թափանցիկություն, կարծում եմ, ուղղակի հնարավոր չէր ապահովել: Իսկ համավարակի ամբողջական վերացումից հետո ամբողջական գնահատականները կհնչեցվեն»,-հայտարարեց նա՝ նշելով, թե որպես պարետ, պատասխանատու է այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել է և ամբողջ ծավալով, որն իր վրա դրված է եղել:

«Եվ երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ»,-հավելեց պարետը:

Ինչ վերաբերում է այլ երկրների հետ համեմատականներին՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ տարբեր երկրներ ունեն թեստավորման, վարակակիրների բազաների վարման, մահերի թվերի գրանցման տարբեր մեթոդաբանություններ, և այս փուլում համեմատելը մի փոքր դժվար կլինի, բայց երբ կարելի կլինի ասել՝ համավարակը աշխարհով մեկ վերացել է, այդ ժամանակ պատեհ կլինի բոլոր համեմատականները տանել»:

Վահե Էնֆիաջյանը նշեց նաև, թե Հայաստանը տաբեր երկրներից մեծ գումարներ է ստացել, և Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ այդ գումարներն ինչ նպատակի համար են ծախսվել, ուր է թափանցիկությունը: Ավինյանն արձագանքեց, թե թափանցիկությունն այնտեղ է, որ երբ նախորդ ամիս Էնֆիաջյանն այդ նույն հարցով դիմել է, ստացել է բոլոր տվյալները: Պատգամավորն արձագանքեց, թե չի ստացել, իսկ փոխվարչապետը պնդեց, թե իր ասածը կարող է ապացուցել «սքրինշոթով»: