Ավելի ճիշտ կլինի, որ թույլ տրվի հարսանիքներն անցկացնել ոչ թե 40, այլ 60 հոգու մասնակցությամբ, նաև փակ տարածքներում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Միջոցառումների սահամանափակման հետ կապված, կարծում եմ, հարսանիքների դեպքում կարելի է գործող 40 հոգու սահմանափակումը վերացնել և թույլ տալ, որպեսզի դրանք անցկացվեն 60 հոգու մասնակցությամբ, քանի որ մենք սպեցիֆիկ ազգ ենք, այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ դիմելով պարետ Տիգրան Ավինյանին:
«Երբ ասում եք՝ թույլատրվում է միայն բացօթյա տարածքներում, դա ճիշտ չէ, մարզերում ցուրտ է և կարելի է մարդկանց թույլ տալ փակ տարածքներում էլ հարսանիք անել՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով»,- ասաց Միքայելյանը: Նա հիշեցրեց, որ այդ ոլորտում տնտեսվարողների վիճակը ծանր է, այսօր էլ մեկ աշխատատեղի հարց լուծելը մեծ խնդիր է:
Տիգրան Ավինյանը նշեց, որ իրականում հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային վիճակից: «Եթե մենք, ընդհանուր առմամբ, դրական տենդենցը պահպանենք միգուցե հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն, քան Ձեր նախանշածը: Այսինքն՝ և´ քանակապես, և´ փակ տարածքներում միջոցառումների անցկացման հնարավորություն տալը բացառապես կապված կլինի համաճարակային իրավիճակի բարելավման հետ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է տնտեսվարողներին, որոնք դժվար վիճակում են հայտնվել, Ավինյանը մի քանի թիվ մատնանշեց: «Կառավարությունը մոտ 144 մլրդ դրամի ֆինանսավորում է հասանելի դարձրել տարբեր շահառուներին, սրանից 92.4 մլրդը տրվել է բանկերի կողմից, մոտ 26,2 մլրդ դրամը տրվել է որպես սոցիալական աջակցություն, տնտեսվարողներին Կառավարության կողմից տրվել է 17,5 մլրդ դրամ՝ որպես ուղիղ աջակցություն, և մոտ 19.9 մլրդ դրամ՝ որպես փոխառություն: Այս փուլում դեռևս քննարկվում են Ձեր մատնանշած ոլորտում տուժած տնտեսվարողների և շահառուների հարցերը, կրկին որոշակի աջակցության ծրագրեր շարունակվելու են մինչև այն պահը, որ տեսնենք՝ կարողանո՞ւմ ենք ավելի մեղմացնել և նրանք կվերադառնա՞ն իրանց բնականոն կյանքին»,- նշեց նա:










