Եթե նախկինում մեկ օրում արված թեստերից 25-30%-ի դեպքում էր վիրուսը հաստատվում, այժմ այդ թիվը տատանվում է 10-15%-ի միջակայքում. Տիգրան Ավինյան

14:56 • 12.08.20

ԱԺ հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, ով հիշեցրեց, որ արտակարգ դրությունը Կառավարության որոշմամբ շարունակելու է գործել մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 17:00-ն: Նա հույս հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ:

Տիգրան Ավինյանը նաև ասաց, որ երկրում համաճարակաբանական ներկա վիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմում տեղի են ունեցել մի շարք սահամանփակումների մեղմացումներ և ներկայացրեց այսօրվա դրությամբ: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

«Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 40,794 է, առողջացել է 33,492 հոգի, փաստացի բուժում են ստանում 6262 պացիենտ, ցավոք այս, ընթացքում ունենք կորոնավիրուսից մահվան 806 դեպք: Օգոստոսի 12-ի դրությամբ փաստացի բուժում ստացողներից 258-ը գտնվում են ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման սարքերին են միացված 20 պացիենտներ: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը մեզ զգուշավոր լավատեսության հիմք է տալիս: Այսօր երկրում հակահամաճարակաբանական վիճակը գնահատում ենք միջինից դեպի թեթև ընթացող ծանրության, իսկ առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է»,- ասաց նա:

ՀՀ պարետը նշեց, որ բացարձակ թվերով օրական հաստատվող դեպքերի թիվը դեռևս համարում են բարձր միջինը շուրջ 100-200 հոգի, բայց եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին 24 ժամվա ընթացքում կատարված հետազոտությունների 25-30 տոկոսի, ներկայումս այդ թիվը տատանվում է 10-15 տոկոսի միջակայքում:

«Սա նշանակում է, որ վարակվածության դեպքերի հայտնաբերվածությունն էապես բարելավվել է: Կարող ենք արձանագրել, որ համավարակի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կանոնների կիրառումը մինչ այժմ դրական արդյունքներ է ապահովել»,- շեշտեց նա:

Ըստ Տիգրան Ավինյանի՝ վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում դրսևորվող համաճարակային վիճակը հնարավորություն է տալիս արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում գործող սահամանափակումներն ու կարգավորումները որոշակիորեն վերանայել և հերթական մեղմացումները կիրառել:

«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու սկզբունքի վրա՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը և երկրորդը՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային կանոններ: Այս փուլում վերանայել ենք թեստավորման մարտավարությունը, եթե նախկինում այն իրականացվում էր բարձր ռիսկի գոտում մարդկանց կլաստերներով, և առավելապես պահանջարկի հիման վրա, ապա ներկայումս ընդլայնվել են ռիսկային խմբի կլաստերները, և Առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է իրականացնում այդ խմբերում»,- նշեց նա:

Տիգրան Ավինյանը նաև ասաց, որ Պարետատունը մշակել է համավարակի կառավարման պլան, որն ուղենիշային և խորհրդատվական դեր ունի կառավարման հետագա գործունեության համար: Նա նշեց, որ արտակարգ դրության որոշման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել:

«Տարբեր սահամանփակումների մեղմացման մասով առաջիկայում կլինեն պարետի որոշումներ»,- ասաց նա: