«NBA-ի որոշ խաղացողներ շատ ստոր են, զզվելի և պարզապես հիմար». Թրամփը վիրավորել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մարզիկներին

12:07 • 12.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մարզիկներին` նրանց կողմից սոցիալական անարդարության դեմ անցկացված ակցիաների պատճառով: Այս մասին տեղեկանում ենք mediaite.com կայքից:

Fox Sports Radio-ին տված հարցազրույցի ժամանակ նախագահ Թրամփին հարցրել են մարզիկների կողմից իր հասցեին քննադատության և ԱՄՆ-ի հիմնի կատարման ժամանակ ծունկը ծալելով անցկացված ակցիայի մասին:

«Ես չեմ նկատել, որ նրանք իմ հասցեին ինչ-որ բան են ասել, բայց ասեմ, որ չէի էլ զարմանա: NBA-ի որոշ խաղացողներ շատ ստոր են, զզվելի և պարզապես հիմար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Նա քննադատել է բասկետբոլիստներին նաև նրա համար, որ վերջիններս խոսում են ԱՄՆ-ում սոցիալական անարդարության մասին, բայց աչք են փակում Չինաստանում մարդու իրավունքների խախտման վրա, քանի որ NBA-ն համագործակցում է Չինաստանի հետ:

Նախորդ շաբաթ լիգայի գլխավոր աստղ Լեբրոն Ջեյմսը ծաղրել էր ԱՄՆ նախագահին նրա այն հայտարարության համար, որ ինքն Աբրահամ Լինքոլնի ժամանակներից ի վեր աֆրոամերիկացիների համար ամենաշատ լավ բաներ արած նախագահն է, ինչպես նաև մեկնաբանել էր նախագահի խոսքերն այն մասին, որ նա դադարել է NBA դիտել:

«Ես կարծում եմ, որ բասկետբոլային հանրությունն այնքան էլ չի տխրի նրան որպես հանդիսական կորցնելու համար»,-ասել էր Ջեյմսը: