Լուկաշենկոյի մրցակիցները բողոքարկել են նախագահական ընտրությունների արդյունքները
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայից հետո բողոք են ներկայացրել նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մյուս 3 մրցակիցները` Աննա Կանոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչենը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը տեղեկացրել է, որ ինքը բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում նշել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու ձայների վերահաշվարկ է պահանջում:
«Համաձայն այն տվյալների, որոնք կան մեր տրամադրության տակ, առնվազն երկրորդ փուլ պետք է լինի, որին ձայների մեծ տարբերությամբ պետք է մասնակցեն Սվետլանա Տիխանովսկայան և Ալեքսանդր Լուկաշենկոն»,-հայտարարել է Դմիտրիևը:
Գործակալության հարցին այն մասին, թե արդյոք ինքն ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, Դմիտրիևն ասել է. «Ոչ, չեմ ընդունում: Երկրորդ փուլն արդեն սկսվել է: Այն կազմակերպել է ինքը՝ իշխանությունն իր այն ստով, որը մենք հերթական անգամ լսեցինք հեռուստացույցներից: Երկրորդ փուլը, ըստ ընտրական օրենսգրքի, օգոստոսի 23-ին չի անցկացվի, բայց ես համոզված եմ, որ այն կլինի»:
Իր հերթին, նախագահի թեկնածու Սերգեյ Չերեչենը գործակալությանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես բողոք է ներկայացրել ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
«Երեկ բողոք ենք ներկայացրել: Խնդրում ենք նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել»,-հայտարարել է Չերեչենը:
Ավելի վաղ իր ներկայացրած բողոքի մասին տեղեկացրել էր նաև նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










