Ծնկի են բերել, ծեծել են. ինչպես են վերաբերվել ձերբակալված բելառուսներին ոստիկանական բաժանմունքներից մեկում (տեսանյութեր, լուսանկարներ)
Բելառուսի բնակիչ Ալեքսանդր Տամկովիչը TUT.BY կայքի խմբագրություն է բերել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Մինսկի ոստիկանական բաժանմունքներից մեկի բակում ոստիկանները ծնկի բերում ձերբակալվածներին և մի քանիսին հարվածում մահակներով: Տեսաձայնագրությունն արվել է օգոստոսի 10-ին` մոտակա տներից մեկի պատշգամբից:
Ալեքսանդրի խոսքով` երկուշաբթի օրը նա գտնվել է ընկերոջ տանը, որն ապրում է Ֆաբրիցիուսի փողոցի վրա` ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ:
«Մենք ընկերոջս հետ կանգնած էինք պատշգամբում, որտեղից երևում է ոստիկանական բաժանմունքի տարածքը: Մի պահ մենք տեսանք, թե ինչպես են ոստիկանները դուրս բերում մարդկանց, նրանց ձեռքերը մեջքի հետևում կապված էին, ծնկի իջեցնում, հարվածում: Ես արագ գնացի տուն, ոստիկանություն զանգահարեցի, կապվեցի Վիկտոր Բաբարիկոյի շտաբի հետ»,-ասել է կայքի զրուցակիցը:
Թե որքան երկար է դա տևել, Ալեքսանդրը չգիտի:
Երեքշաբթի` օգոստոսի 11-ին, մեկ այլ տեսանյութ են ուղարկել խմբագրություն, որում նկարահանված իրադարձությունները, ըստ ընթերցողների, կրկին նույն ոստիկանական բաժանմունքում են տեղի ունեցել: Այս տեսանյութում երևում է, որ մարդիկ պառկած են գետնին, նրանց մոտ կանգնած է ոստիկանության մի քանի աշխատակից, մեկն էլ աթոռին նստած հսկում է նրանց:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:















