«Կսպասենք ուսումնասիրություններին և համապատասխան որոշում կկայացնենք գործընկերների հետ». Տիկարաձեն` Վրաստանում ռուսական պատվաստանյութը փորձարկելու մասին
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն գնահատել է Վրաստանում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ 5» անվանումը ստացած գրանցված պատվաստանյութի փորձարկման հնարավորությունը` հայտարարելով, որ իրենք դեռևս սպասելու են այդ պատվաստանյութի ուսումնասիրություններին: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:
«Կարևոր է, որ ցանկացած դեղամիջոց, լինի դա հաբ, թե պատվաստանյութ, ամրագրված լինի պարտադիր ուսումնասիրություններով: Մենք կսպասենք այդ ուսումնասիրությունների արդյունքին, ապա համապատասխան որոշում կկայացնենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ»,-հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-ասել է ՌԴ նախագահը:
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:










