Վրացի բժիշկը կատակել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի և Բիլ Գեյթսի մասին
Վրաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունավետությունից, քանի որ հետազոտությունների հստակ տվյալները դեռևս չեն հրապարակվել:
«Տարածված տեղեկության համաձայն` Ռուսաստանում պատվաստանյութի ստեղծումը տեղի է ունեցել առավելագույն արագացված տեմպերով»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ` ասել է Իմնաձեն`հավելելով, որ այսօր ողջ աշխարհում շատ են խոսում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ծրագրերի միջև կապի մասին, որն, իբրև, ցանկանում է չիպավորել մարդկանց:
«Ինձ շատ է հետաքրքրում` ինչպես է Բիլ Գեյթսը տեղադրելու իր չիպերը ռուսական պատվաստանյութի մեջ»,-կատակել է մասնագետը:
Հիշեցնենք, որ մեկնաբանելով ռուսական պատվաստանյութի ստեղծումը` վրաց առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ հետազոտություններ են անհրաժեշտ, որոնք կապացուցեն դեղամիջոցի արդյունավետությունը:
Ռուսական առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ գրանցվել է օգոստոսի 11-ին, ինչի մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:










