Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Բելառուսի ընդդիմադիր գործիչներին. երկրի ՆԳ նախարար

14:06 • 12.08.20

Լիտվան պատրաստ է քննարկել բելառուս ընդդիմադիր գործիչներին ապաստան տրամադրելու հարցը, եթե նրանք այդպիսի խնդրանքով դիմեն: Այս մասին հայտարարել է բալթյան հանրապետության ներքին գործերի նախարար Ռիտա Տամաշյունենեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առաջին անգամ չէ, որ բելառուս ընդդիմադիրներն ապաստան են փնտրում մեր երկրում, եթե այս անգամ էլ քաղաքական կամ սպառնալիքների պատճառով դա կրկնվի, Լիտվան պատրաստ է օգնության հասնել նրանց, մինչև պայմաններ ստեղծվեն անվտանգ տուն վերադառնալու համար»,-հայտարարել է Տամաշյունենեն:

ՆԳՆ ղեկավարի խոսքով` Լիտվայի պատասխանատու կառույցներն ապաստան ստանալու համար Բելառուսի քաղաքացիների դիմումների թվի ավելացման դեպքում գործողությունների ծրագիր են մշակել:

Օգոստոսի 11-ին Լիտվա էին մեկնել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և նրա շտաբի ղեկավար Մարիա Մորոզը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: