Մինսկում հարյուրավոր աղջիկներ ու կանայք ծաղիկներ բռնած շղթա են կազմել` իրենց համերաշխությունը հայտնելով այս օրերին երկրում բռնությունից տուժածներին (տեսանյութ, լուսանկարներ)

15:00 • 12.08.20

Այսօր` օգոստոսի 12-ին, Մինսկի Կոմարովյան շուկայի մոտ հարյուրավոր աղջիկներ ու կանայք, ձեռքերում ծաղիկներ բռնած, երկար շղթա են կազմել: Սա համերաշխության ակցիա է ուղղված այն մարդկանց, որոնք այս օրերին տուժում են երկրում բռնությունից, գրում է tut.by կայքը:

Աղջիկները ծաղիկներ են բաժանել անցորդներին և շղթա կազմած լուռ կանգնել: Նրանց շարքերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ, դիզայներներ, լրագրողներ, թոշակառուներ, ուսուցչուհիներ: Նրանց ակտիվորեն ողջունել են մեքենաների վարորդները:

«Մենք խաղաղ բողոքի ակցիայի կողմնակից ենք: Նախորդ օրերին մենք փորձել ենք օգնել այն մարդկանց, որոնք բողոքի ակցիաների են դուրս եկել, շքամուտքերում ուտելիք և դեղամիջոցներ ենք թողել»,-ասել է ակցիայի մասնակիցներից Քսենյան:

Որոշ թոշակառուներ ճանապարհին կանգ են առել, իմանալով, թե ինչ է կատարվում՝ միացել են ակցիային, որոշ անցորդներ էլ ասել են. «Գնացեք աշխատելու, բերք հավաքելու»:

Շուտով ակցիայի անցկացման վայրում է հայտնվել ոստիկանությունը և բարձրախոսով պահանջել է ցրվել` նախազգուշացնելով «օրենքով սահմանված պատասխանատվության մասին»:

Աղջիկները բացականչել են «ամո՛թ» և սկսել են ցրվել:

«Կարևորը մեզ արդեն տեսել են»,-ասել են նրանք:

Ցրվելուց հետո աղջիկները կրկին հավաքվել են, այս անգամ նրանց թիվը 50-ից պակաս է եղել:

Մինսկի 82-ամյա մի բնակչուհի մոտեցել է իրավապահներին և ասել.  «Երիտասարդներին հանգիստ թողեք, նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են»:

Անցորդները շարունակել են միանալ ակցիայի մասնակիցներին, այն շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

 

Фото: Ольга Шукайло, |TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

 

Фото: Ольга Шукайло, |TUT.BY

Фото: Виктория Ковальчук, TUT.BY

Фото: Виктория Ковальчук, TUT.BY

Фото: Виктория Ковальчук, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Виктория Ковальчук, TUT.BY

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Виктория Ковальчук, TUT.BY

 

Фото: Ольга Шукайло, TUT.BY

Фото: Виктория Ковальчук, TUT.BY