Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի վերաբերյալ Արևմուտքից հնչած քննադատությունները պայմանավորված են մրցակցության վախով. Միխայիլ Մուրաշկո

14:51 • 12.08.20

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութի վերաբերյալ Արևմուտքից հնչած քննադատություններն անհիմն են և պայմանավորված են մրցակցության վախով, հայտնում է eadaily.com կայքը։

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կթողարկվի։ Արտադրված պատվաստանյութն առաջին հերթին ռուսական շուկային կուղղվի։

«Ռուսաստանի Դաշնությունում առկա արտադրություններն առաջին հերթին կկենտրոնանան ներքին շուկայի վրա, քանի որ անհրաժեշտ է մեր քաղաքացիների պահանջները բավարարել»,- նշել է նա։

«Բոլոր դեպքերում պատվաստումը կամավոր է լինելու։ Իմունիտետ ունեցող բժիշկների պարագայում (սովորաբար բուժաշխատողների 20 տոկոսը, տարբեր կազմակերպություններում՝ տարբեր քանակ), կարծում ենք, պատվաստում պետք չէ։ Այդ պատճառով էլ մեր առաջարկը բուժաշխատղների ընտրությանն ենք թողնում»,- մանրամասնել է նախարարը։

Նշվում է նաև, որ երկրի առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր բուժաշխատողներին պատվաստվել։

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկած էր հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ: 

«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ Մենք մի քանի պատվաստանյութ ունենք, սակայն եթե ցանկանայինք ռիսկի դիմել և ավելի մեծ թվով մարդկանց վնասել՝ նրանց որևէ օգուտ չտվող նյութ տալով, ապա դա մյուս շաբաթ էլ ցանկության դեպքում կարող էինք անել»,- նշել է Ֆաուչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։ 

Նախարար Մուրաշկոն, իր հերթին, հայտնել է, որ ծրագրում է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել։

«Սպուտնիկ 1»-ն ամբողջ աշխարհում ակտիվացրել է տիեզերական հետազոտություները։ Կորոնավիրուսի դեմ նոր ռուսական պատվաստանյութը միջազգային հանրության համար նման նշանակություն ունի, ուստի՝ այս համեմատության արդյունքում էլ այն «Սպուտնիկ 5» անվանումն է ստացել»,- ասվում է անվան ընտրության բացատրության մեջ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 525 986 է, մահացել է 745 971 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: