2022թ. ոչ շուտ. Գեյթսն ասել է՝ երբ աշխարհում վերահսկելի կդառնա կորոնավիրուսային համավարակը

10:27 • 12.08.20

Ամերիկացի միլիարդատեր, բարերար Բիլ Գեյթսը, որը զգալի աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակման հարցում, լավատեսական կանխատեսում է արել վարակի բուժման և պատվաստանյութերի վերաբերյալ:

Գեյթսի կարծիքով՝ հարուստ երկրներում համավարակը վերահսկելի կլինի 2021թ. վերջին, իսկ զարգացող պետություններում՝ 2022թ.:

«Պատվաստանյութերի հարցում ախտորոշիչ և թերապևտիկ նորարարական տեխնոլոգիաները բավականին տպավորիչ են, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հարուստ երկրները հաջորդ տարվա վերջի դրությամբ արդեն վարակը հաղթահարած կլինեն, իսկ աշխարհի մյուս մասը՝ 2022թ. վերջին»,-ասել է գործարարը:

Միլիարդատերն այս մասին ասել է Wired-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ մարդիկ չպետք է թուլացնեն զգոնությունը, քանի որ կորոնավիրուսը կարող է աշնանը կրկին գլուխ բարձրացնել:

Միևնույն  ժամանակ Գեյթսը մտավախություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանի և Չինաստանի պես երկրներում պատվաստանյութը ստեղծելու ճնշումն այնքան բարձր է, որ կարգավորող մարմինները կարող են թույլ տալ մարդկանց պատվաստել նախքան դեղամիջոցի ապահովությունն ու արդյունավետությունը ստուգելը:

«Մեզ, հավանաբար, երեք կամ չորս ամիս է պետք պատվաստանյութի երրորդ փուլն անցկացնելու ու կողմնակի ազդեցության նշանները պարզելու համար»,-ասել  նա:

Ավելի վաղ միլիարդատերը հայտնել էր, որ  ներկայում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ մշակվում է ավելի քան 160 պատվաստանյութ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: 

«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով: