L’Orеal-ի ամերիկյան մասնաճյուղը թույլ է տվել իր 11.000 աշխատակիցներին գրասենյակներից աշխատել

11:05 • 12.08.20

Ֆրանսիական L’Orеal ընկերության՝ մոտ 11 000 մարդու համար զբաղվածություն ապահովող ամերիկյան մասնաճյուղն իր աշխատակիցներին թույլ է տվել վերադառնալ գրասենյակներ և այդտեղից կատարել իրենց աշխատանքը, գրում է businessinsider.com կայքը։

«Գրասենյակային աշխատանքը և աշխատակիցների անձնական ներկայությունը կարևոր է սոցիալական կապերի և հաջող աշխատանքային թիմի ձևավորման հարցում»,- պարզաբանել է իր որոշումն ամերիկյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սթեֆան Ռինդերքնեհը։

Նրա խոսքով՝ անգամ հավանություն տալու կամ ողջունելու ժեստերը շատ կարևոր են կապերի հաստատման և հաջող աշխատանքի համար։

«Սոցիալական փոխազդեցությունն անհրաժեշտ է աշխատակիցների մասնագիտական զարգացման ու աճի, ինչպես նաև հոգեկան առողջության և հուզական բարեկեցության համար»,- նշել է Ռինդերքնեհը։

Ընկերությունում նաև ընդգծել են, որ աշխատակիցները հատուկ հերթափոխային գրաֆիկով են աշխատելու, այնպես, որ գրասենյակները միայն կիսով չափ լի լինեն մարդկանցով։ 

Միևնույն ժամանակ լրատվամիջոցը, հղում տալով անանուն հարցման արդյունքներին, հայտնում է, որ ընկերության ոչ բոլոր աշխատակիցներն են ուրախ գրասենյակ վերադառնալու համար և վախենում են կորոնավիրուսով վարակվելուց։

Հայտնի է, որ L’Orеal-ն այնպիսի բրենդներ է ղեկավարում, ինչպիսիք են Garnier-ը, Lancоme-ն և Urban Decay-ը։ Ամերիկյան մասնաճյուղն ունի ավելի քան 11 հազար աշխատակից, գրասենյակները տեղակայված են ԱՄՆ 13 նահանգում։