«Հեռացի՛ր, քանի դեռ ուշ չէ». գրականության նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը Լուկաշենկոյին կոչ է արել հրաժարական տալ

10:27 • 13.08.20

Գրականության ոլորտում 2015 թվականի նոբելյան մրցանակակիր, բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչն «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ իր կարծիքն է հայտնել Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ և կոչ է արել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարական տալ:

«Ես ցանկանում եմ ասել նույնը, ինչ շատ գեղեցիկ կերպով ասել է լրագրող Սվետլանա Կալինկինան՝ գեղեցիկ հեռացիր: Բայց արդեն չի ստացվի, արդեն արյուն է հոսել: Հեռացի՛ր, քանի ուշ չէ, քանի ժողովրդին չես նետել սարսափելի անդունդը, քաղաքացիական պատերազմի անդունդը: Հեռացի՛ր: Ոչ ոք Մայդան չի ուզում, ոչ ոք չի ուզում արյուն: Միայն դու իշխանություն ես ուզում: Եվ այդ քո ցանկությունը կվերածվի արյան»,-ասել է Ալեքսիևիչը:

Գրողի կարծիքով` այս ընտրություններից հետո «իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին», ինչի պատճառով հասարակությունը խիստ ծայրահեղականացել է:

«Լուրեր են պտտվում, որ այստեղ ռուսական ՕՄՕՆ կա: Ո՞վ կարող է սիրել սա: Բելառուսներն անընդհատ ընդգծում են, որ մենք խաղաղ մարդիկ ենք, չենք ցանկանում ոչ ոքի սպանել, ոչ ոքի հարվածել: Իսկ այստեղ գրեթե անմարդկային, սատանայական կատաղությամբ է գործում ՕՄՕՆ-ը, ես դժվարանում եմ հավատալ, որ սա բելառուսական ՕՄՕՆ-ն է: Ինձ թվում է, որ բելառուս տղաները չեն կարող այդպես հարվածել իրենց մայրերին և քույրերին: Դա իրական չէ: Փոքրիկ քաղաքներում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, ՕՄՕՆ-ը հրաժարվում է մարդկանց ծեծել: Իսկ այստեղ ոչ իրական ինչ-որ բան է կատարվում»,-հավելել է նոբելյան մրցանակակիրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: