Մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

21:43 • 13.08.20

Այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները Մարզահամերգային համալիրի մոտից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, ապա՝ Մաշտոցի պողոտա և շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներում: Շրջելու ընթացքում տեղի էր ունենում նաև իրազեկման ակցիա:

Համաքաղաքացիներին երթի մասնակիցները հորդորում էին համերաշխություն ցուցաբերել և միանալ ի պաշտպանություն Ամուլսարի արշավին: Երթի կարգախոսն էր՝  «Ամուլսարը հանք չի դառնալու»: Այսօր երթն անցավ առանց միջադեպերի:

Հիշեցնենք, օրեր առաջ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանությունը թույլ չէր տվել, որպեսզի ակտիվիստներն Ազատության հրապարակում հեծանիվներով բողոքի ակցիա իրականացնեն՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիայի մասնակից քաղաքացիներն ու հեծանիվները բերման էին ենթարկվել: