Մեզ ստիպում են դիմակ կրել, հեռու կանգնել, ինչի՞ մեկը չի ասում՝ ո՞նց եք ապրում, մենք իրավունք չունե՞նք ապրելու, այս երկրի քաղաքացի ենք. Եկմալյան փողոցի բնակիչ (տեսանյութ)
Կառավարության դիմաց այսօր կրկին հավաքվել և իրենց բողոքն են արտահայտում Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները:
«Մենք Եկմալյան փողոցի բնակիչներն ենք, որոնց տները 2006 թվականից կեսը քանդել են, կեսը մնացել է, որովհետև այդտեղ Գագիկ Պապոյանը խոսք էր տվել բարձրահարկ շենք կառուցել և բնակիչներին տուն տալ նույնիսկ հանրային գերակա շահով որոշված էր, որ քաղաքապետարանը այդտեղ իր համար պետք է շենք կառուցեր, այդ հարցը դրված է, ժողովրդի համոզեցին, որ մեկ տարվա մեջ այդտեղ շենք կառուցվի, մինչև այժմ այդ հարցը լուծված չէ, ժողովուրդը ապրում է խոզանոցներում, որոշ մարդիկ շների կատուների, կռիսներևի հետ միասին, որոշ մարդիկ էլ 14 տարի է վարձով են ապրում, մի մասն էլ մահացել է այդ դարդ ու ցավից ու չի կարողանում իրենց տներից անկյուն ստանալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով ՝ Կառավարությունից խոստացել են, որ հարցը կլուծվի, սակայն մինչև հիմա ոչ մի փոփոխություն չկա. «Ամեն հինգշաբթի այստեղ ցույցեր ենք անում, շատերը սրտի հիվանդ ենք, գալիս ենք, որպեսզի մեզ կարողանան լսել, և Նիկոլ Փաշինյանը այս հարցով զբաղվի: Կառուցապատող կա, բայց չեն թողնում, որ նա բարձրահարկ շենք սարքի, որ կարողանա և´ բնակիչներին գումարային փոխհատուցում տա, և´ իր շենքը կառուցի: Չեն թույլ տալիս, 5 հարկանի շենք են առաջարկում, այդ մարդը 5 հարկանի շենք, որ կառուցի, չի կարող է բնակիչների և շինարարական հարցերը լուծել»:
Լրագրողի հարցին, թե խնդրի հետ կապված Կառավարությունում հանձնաժողով պետք է ստեղծվեր հարցը քննարկելու համար, արդյոք որևէ տեղեկություն կա, ակցիայի մասնակիցը նշեց, որ դեռևս պատասխան չկա:
«Նիստ պետք է լիներ, հիմա տվել են Սուրեն Ղամբարյանին, մինչև հիմա ոչ մի պատասխան չկա հորդորում են՝ գնացեք, ձեր հարցը նիստում կդրվի և կլուծվի, բայց մինչև հիմա ոչ մի դրական լուծում չկա: Հայկ Ավագյանը խոստում տվեց, բայց չկարողացավ այդ գործը առաջ տանել: Սեփական տուն կա, որ մի բնակարանի վրա մի քանի ընտանիք է գրանցված և չեն կարողանում այդ հարցը լուծել: Ես եղել եմ Արթուր Մեսչյանի մոտ, խնդրել եմ այդ հարցը լուծել, հորդորում էր, որ հարցը շուտով կլուծվի, անցել է 7 ամիս, սակայն ոչ մի հարց չի լուծվել: Քաղաքապետարանն ուղարկում է Կառավարություն, որ Նիկոլ Փաշինյանը լուծի, նա ուղարկում է քաղաքապետարան, որպեսզի նրանք լուծեն, ոչ մեկ այդ հարցը չի լուծում»:
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ 15 տարի սպասում է, սակայն ոչ մի փոփոխություն չկա, հեղափոխությունից հետո կրկին խնդրի լուծում չի տրվում:
«Մենք ո´չ ողորմություն ենք ուզում, ո´չ էլ. մեր տունը քանդել են Կառավարության պետության կարիքների համար, խնդրում ենք մեզ փոխհատուցեն, ամեն հինգշաբթի գալիս ենք, բայց ոչ մեկ չի մտածում: Ցանկանում ենք Փաշինյանի հետ հանդիպում, որ մեր կարիքները ներկայացնենք: Սա լուծելի հարց է, խնդրում ենք լուծեք մենք էլ ուրախանանք հեղափոխությունով, գանք ասենք՝ ինչ լավ է հեղափոխություն եղավ, արդարությունը հաղթանակեց` տներին արժանացանք: Մեզ ստիպում են դիմակ կրել, հեռու կանգնել, ինչի՞ մեկը չի ասում՝ ո՞նց եք ապրում, մենք իրավունք չունե՞նք ապրելու, այս երկի քաղաքացի ենք: Մեր ղեկավարությանը, երբ տուն է գնում, մեզ ասում են ստեղից գնացեք, ստեղից ո՞ւր գնանք, թող մեկն ասի, ո՞ւր գնանք, մենակ ասում են՝ դիմակ կրեք»,- դժգոհեց ակցիայի մասնակիցը:










