Ոստիկությունը շարունակում է տուգանել ավտոմեքենայում դիմակ չդնելու համար, չնայած երեկվա հայտարարությանը, պարետը դեռ որոշում չի կայացրել․ Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար ոստիկանությունը շարունակում է տուգանել, քանի որ պարետի համապատասխան որոշումը դեռ չկա։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել՝ ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու մասին՝ չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։
Սակայն ոստիկանությունը, այս պահի դրությամբ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։ Այդ մասին հենց նոր ստացանք ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ՝ Գեղարքունիքի մարզում)։
Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին՝ «տուգանքի մատերիալ» չդառնալու համար»։










