Մեր պահանջն այն է, որ կա´մ շինթույլտվություն տան, որ շենքը կառուցվի, կա´մ գումարը վճարեն. Եկմալյան փողոցի բնակիչ (տեսանյութ)
Հայկ Մարությանն ասուլիսի ժամանակ արհամարհանքով մեր մասին ասում է՝ այն մի քանի հոգի՞ն, այս մի քանի հոգին մահճակալները բերեն, որ տեսնեք մի քանի հոգի չե՞ն: Այս մասին Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց Եկմալյան փողոցի բնակիչ Անի Խուդավերդյանը:
Նշենք, որ այսօր կրկին հավաքվել են Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչները՝ Կառավարությունից պահանջելով իրենց խնդրին լուծում տալ՝ շուրջ 15 տարի առաջ իրենց քանդված տների տարածքում կա'մ շենք կառուցել և բնակարաններով ապահովել, կա'մ փոխհատուցել գումարը:
«Ձմեռ է շուտով, մեր տանը շունն էլ չի ապրի, այդ տանը չկա կոմունալ ոչ մի միջոց, ջուր չկա, ինսուլտ տարած հիվանդին ինչպե՞ս պահենք: Ես խնդրում եմ մեզ օգնել, քանի որ չունենք ոչ վարչապետ, ոչ առողջապահություն, ոչ սոցապ նախարար»,-նշեց բնակիչը:
Նա պատմեց, որ արդեն մեկ տարի է, ինչ դիմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հիվանդի դեղերի համար, բայց չեն կարողանում միանալ, առաջին կարգի հաշմանդամի համար պահանջում են դեղեր: «Մենք գնալու ենք դեսպանատուն կացություն խնդրենք ցանկացած երկրից, որովհետև մենք պետության կարիքների տուժածներն ենք»:
Ակցիայի մասնակիցը նշում է, որ 2019 թվականին Փաշինյանին և քաղաքապետարան դիմում է գրել, սակայն հստակ պատասխան դեռևս չկա, միայն խոստումներ են տրվել, որ հարցը կլուծվի.
«Ո՞ւր է Մարդու իրավունքների պաշտպանը, ոչ թե մեր իրավունքները ոտնահարված է, այլ «կատոկած» է, ինչո՞ւ մեր իրավունքներով չես զբաղվում: Մենք մեր խնդրի համար պահանջում ենք գրավոր պատասխան: Իմ բոլոր հանդիպումները, խոսակցությունները ձայնագրված են, և թող բոլորը տեսնեն երեք տարվա խոստում, ստախոսությունները, սփյուռքն էլ թող տեսնի: Մեզ պարոն Մեսչյանն ասաց՝ գնացեք, հարակից շենքերից ստորագրություն հավաքեք, որ շենքի կառուցումը չի խանգարում, որ շինթույլտվություն տրվի, տարա ստորագրությունները ներկայացրի: Մեսչյանը ներկայացրել էր Հայկ Մարությանին՝ ասել էր՝ այստեղ շենք չի լինելու»,-պատմեց Եկմալյան փողոցի բնակիչը:
Նա նշեց, որ իրենց պահանջը այն է, որ կա'մ շինթույլտվություն տան, որ շենքը կառուցվի, կա'մ գումարը վճարեն:
«Նախկինները սխալ շինթույլտվություն տվեցին, հիմա իրենք ասում են` խիտ են շենքերը սարքված, դա ի՞մ մեղքն է: Ինչ տեղի է ունեցել, նախորդներից մինչև այսօր ամբողջը սուտ ու կեղծիք: Մենք հավատացինք իրենց, որ ասում էին՝ գալու են լուծում տան, բայց մեզ տալիս է ասֆալտին, մեզ ձեռ են առնում»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Ակցիայի մասնակիցներից երկուսի ինքնազգացողությունը վատացավ, նրանցից մեկին տեղափոխեցին հիվանդանոց, իսկ մյուսին բժշկական օգնություն ցուցաբերեցին:
Նրանք պնդում են, որ Կառավարության դիմացից չեն հեռանալու, մինչև Կառավարության նիստից հետո խնդրի վերաբերյալ իրենց պատասխան չտրվի:
Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին, և ակցիան ավարտվեց:










