Երկուշաբթի՝ 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ 1000. Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ժամանակ
Բելառուսի իշխանությունները հայտնել են, որ հետընտրական բողոքի ակցիաների և ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կիրակի կայացած նախագահական ընտրությունների վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո երկրում չեն դադարում ցույցերը, որոնք զսպվում են ամենախիստ ու դաժան ձևով:
Բելառուսի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ընտրություներից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկուշաբթի ձերբակալվել է 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ հազար մարդ:
Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է ցուցարարներին բռնության ենթարկելու ու դրա համար անպատիժ մնալու համար: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակում անցորդներին ու մահակներով ծեծում ցուցարարներին:
Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մի տեսանյութ, որում իրավապահներից մեկը ծեծված ցուցարարներին արհեստականորեն փոխված ձայնով հարցնում է.«Դե ինչ՝ էլի՞ եք ուզում հեղափոխություն անել»: Դրան ի պատասխան ցուցարարները տարուբերում են գլուխները:
Նշվում է, որ հուսահատ ընտանիքներն ամեն առավոտ հավաքվում են ոստիկանական բաժանմունքի մոտ՝ իրավապահներին խնդրելով որևէ տեղեկություն փոխանցել ցույցերի ժամանակ անհետ կորած իրենց հարազատների մասին: Այդ ֆոնին ժամանում են նոր ոստիկանական մեքենաներ՝ ձերբակալված ցուցարարների նորանոր խմբերով: Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան նաև տասնյակ ռուս լրագրողներ:
Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով զանգվածային ձերբակալություններին, նշել է.«Այսպես կոչված ցուցարարների մեծ մասը քրեական անցյալով ու ներկայում գործազուրկ մարդիկ են»:
Մինչդեռ Եվրոպական միությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել ընտրությունների հավանական կեղծման և ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կիրակի օրվա ընտրությունները «ո՛չ ազատ, ո՛չ էլ ազնիվ» են եղել: Բարձրաստիճան պաշտոնյան խոստացել է խորապես վերանայել ԵՄ-ի՝ Բելառուսի հետ հարաբերությունները՝ սպառնալով պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնության կիրառման, չարդարացված ձերբակալությունների և ընտրակեղծարարության համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը










