Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 4000 շենք է վնասվել կամ ամբողջովին փլուզվել (լուսանկարներ)
Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել կամ ամբողջովին փլուզվել է մոտ 4000 շենք, այս մասին նախօրեին հայտնել է Լիբանանի ներքին անվտանգության վարչությունը, գրում է korrespondent.net կայքը։
Երկրի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ նախնական գնահատականների համաձայն՝ Լիբանանի կրած վնասի չափը գերազանցում է 15 միլիարդ դոլարը։
Միևնույն ժամանակ, իսպանացի միապետը ցավակցություններ ու զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին, ինչպես նաև նշել է, որ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստի տարածքում։ Պայթյունի հետևանքով ավերվել են տասնյակ տներ, մեքենաներ, բազմաբնակարան շենքերում կոտրվել են ապակիները, եղել են մի շարք այլ ավերածություններ։ Նշվում է, որ պայթյունի պատճառը 2014 թվականին երկրի մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:














