Այսօր տարբեր ոլորտներ բյուջեից ակնկալում են աջակցություն, բայց բյուջե ինչքանո՞վ եք պարտաճանաչ վճարումներ անում. 2 տարի առաջ ասում էի՝ պետք չէ ամեն ինչ անել, որ մեկ կոպեկ պակաս տաք բյուջե. վարչապետ
Այսօր տարբեր ոլորտներ հասկանալի պատճառներով գալիս են և բյուջեից ակնկալում են տարբեր աջակցություններ, ես հիշեցնում եմ` 1.5-2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք փորձում էինք ասել, որ բյուջեն մեր բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե մեկ կոպեկ պակաս վճարեք. այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում էի՝ հիշում եք երկու տարի առաջ, հիմա եկել եք, ասում եք` բյուջեից սա տվեք, նա տվեք, բայց բյուջեին ինչքանո՞վ եք պարտաճանաչ վճարում, դրա մասին այն ժամանակ լռում էին և դրա համար էլ գործարար շրջանակները ինձ հետ հանդիպումից դուրս են գալիս, ասում են՝ դե դժգոհ ենք: Է, լավ է, որ դժգոհ եք, պետք է մի քիչ մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ ի՞նչ է նշանակում ՀԴՄ չխփել: «Էն ժամանակ ասում էին` կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում, հիմա ղալաթ կանի մեկը, որ կասի` կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում` կոռուպցիոն այդ երևույթը այդտեղ էլ մնացել է, ես էլի եմ ասում՝ ՀԴՄ-ն չխփելը զինվորի հացը գողանալ է: Եվ այստեղ չքմեղանալու կարիք չկա»,- հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։
«Ոչ մեկը չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար պետք է բոլորս ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկը չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է, ոչ մեկը չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ընդգծեց Փաշինյանը:










