Ճապոնիան չի շտապում ռուսական գրանցված պատվաստանյութը ձեռք բերել՝ կասկածելով դրա անվտանգության հարցում

17:09 • 13.08.20

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն օգոստոսի 12-ին հայտնել է լրագրողներին, որ երկրի կառավարությունը զգուշորեն է մոտենում COVID-19-ի դեմ Ռուսաստանի ստեղծած և գրանցած պատվաստանյութին և պատրաստ չէ անհապաղ դրա ներկրման մասին պայմանագիր կնքել, գրում է regnum.ru կայքը։ 

«Մեր նպատակը լայնամասշտաբ և արագ պատվաստումն է, սակայն նաև մտադիր ենք դեղորայքի անվտանգությունը ստուգել»,-նշել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, Ճապոնիայի կառավարությունն ամերիկյան Pfizer և բրիտանական AstraZeneca ընկերությունների հետ համաձայնագիր է կնքել դեռևս չստեղծված պատվաստանյութի ներկրման համար։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկած էր հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ: 

«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ Մենք մի քանի պատվաստանյութ ունենք, սակայն եթե ցանկանայինք ռիսկի դիմել և ավելի մեծ թվով մարդկանց վնասել՝ նրանց որևէ օգուտ չտվող նյութ տալով, ապա դա մյուս շաբաթ էլ ցանկության դեպքում կարող էինք անել»,- նշել է Ֆաուչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունի։