Մինսկում վաղ առավոտից մարդիկ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված անձանց աջակցությանն ուղղված «համերաշխության շղթաներ» են կազմում (լուսանկար, տեսանյութ)

12:59 • 13.08.20

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղ առավոտից մարդիկ բողոքի ցույցերի ժամանակ տուժած և ձերբակալված անձանց աջակցությանն ուղղված «համերաշխության շղթաներ» են կազմում: Այս մասին տեղեկացնում է citydog.by կայքը:

Ակցիաների ընթացքում, որոնց մասնակցում են հիմնականում կանայք, մարդիկ իրենց ձեռքում ծաղիկներ են պահում` այդպիսով կոչ անելով վերջ դնել բռնությանը, ինչպես նաև վեր բարձրացրած ձեռքերով հաղթանակի նշանն են ցույց տալիս:

Նրանց տեսնող մեքենաների վարորդներն ակտիվորեն ազդանշաններ են տալիս, հետիոտները ծափահարում են:

Մոտ 60 մարդ հավաքվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց, մոտ 20 մարդ էլ շղթայով կանգնած է Առաջին քաղաքային կլինիկական հիվանդանոցի մոտ:

Նման ակցիաները շարունակվում են նաև Մինսկի մետրոկայարանների մոտ, ակցիաների մասնակիցների ամբողջական թիվը մի քանի հարյուր է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: