Արբանյակից արված լուսանկարները ցույց են տվել՝ Մավրիկիոսի ափերի մոտ տեղի ունեցած բնապահպանական աղետի իրական ծավալը (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է արբանյակից արված լուսանկարների շարք, որոնք բացահայտում են Մավրիկիոսի ափերի մոտ տեղի ունեցած բնապահպանական աղետի իրական ծավալը:
Հայտնի է, որ կղզու մոտակայքում ծանծաղուտում հայտնված ճապոնական նավից ավելի քան հազար տոննա նավթամթերք է արտահոսել Հնդկական օվկիանոս: Wakashio նավը հարվածել է ծովախութին, ինչից հետ 1180 տոննա չվերամշակված նավթը հայտնվել է անապակ, փիրուզագույն ջրերում: Այժմ նավթի հետքը ձգվում է 11,5 կմ՝ Blue Bay ծովային պարկից մինչև զբոսաշրջային Սերֆ կղզի:
Ներկայում լուրջ մտավախություն կա առ այն, որ նավում մնացած 1800 տոննա նավթամթերքը ևս կարտահոսի, քանի որ նավը սկսել է մեջտեղից կիսվել:
Մավրիկիոսի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Միևնույն ժամանակ երկիրն օգնության համար դիմել է ՄԱԿ-ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, որ նավերը «ծանծաղուտից» հանելու փորձ չունի։ Ֆրանսիան խոստացել է որպես օգնություն հատուկ սարքավորումներ և մասնագետներ ուղարկել։
Հայտնի է, որ Wakashio նավը բեռները Չինաստանից դեպի Բրազիլիա էր տեղափոխում, սակայն Հնդկական օվկիանոսում ծանծաղուտի մեջ հայտնվելու հետևանքով վնասվել է դրա այն հատվածը, որտեղ պահվում է վառելանյութը։






















