Կրեմլում հերքել են Պուտին-Լուկաշենկո սպասվող հանդիպման մասին լուրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպում չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ թելեգրամյան որոշ ալիքներ գրել էին, որ Լուկաշենկոն շտապ մեկնել է Մոսկվա` հանդիպելու Պուտինի հետ:
«Օրակարգում նման հանդիպում չկա»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










