Ուկրաինան բողոքի 2 նոտա է հղել Բելառուսին
Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի երկու նոտա է հղել Բելառուսի իր գործընկերներին` պահանջելով տեղեկություն տրամադրել Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ուկրաինացիների մասին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային:
«Ուկրաինան կառուցողական երկխոսության է տրամադրված Բելառուսի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ կոշտ կերպով պաշտպանելու ենք Բելառուսում Ուկրաինայի քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրա վերաբերյալ ոչ ոքի մոտ թող որևէ պատրանք չլինի»,-հայտարարել է Կուլեբան:
Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բելառուսի իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում ձերբակալված ուկրաինացիների մասին, և հյուպատոսը հերթով այց է կատարում քաղաքացիների ժամանակավոր պահման վայրեր` տեղեկանալու ուկրաինացիների գտնվելու վայրի մասին:
«Մենք անհապաղ հյուպատոսի հանդիպումն ենք պահանջում այդ ձերբակալված անձանց հետ»,-ընդգծել է նախարարը:
Կուլեբան հայտարարել է նաև, որ իրենք պահանջում են ազատ արձակել ձերբակալված ուկրաինացիներին` նրանց հայրենիք վերադարձնելու համար:
Առայժմ հայտնի է Ուկրաինայի՝ ձերբակալված 3 քաղաքացու մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










