«Դադարեցրե՛ք ագրեսիան». Լուկաշենկոյի հետ պարած «Միսս Բելառուսը» դիմել է ուժայիններին և ժողովրդին
Բելառուսի խորհրդարանի պատգամավոր, «Միսս Բելառուս 2018» գեղեցկության մրցույթի հաղթող 23-ամյա Մարիա Վասիլևիչը կոչ է արել դադարեցնել բռնությունը երկրում:
«Նրանց, ովքեր դաժանություն և բռնություն են ցուցաբերում անպաշտպանների նկատմամբ, և նրանց, ովքեր անկարգություններ են հրահրում: Դադարեցրե՛ք ագրեսիան: Միմյանց աչքերի մեջ նայեք»,-գրել է Վասիլևան իր ինսթագրամյան էջի «սթորիս» բաժնում:
Նա հավելել է, որ Բելառուսն արժանի չէր «նման ցավի»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ անգամ չէ, որ հասարակությանը ներկայացել է Վասիլևիչի ուղեկցությամբ, իսկ 2018 թվականի դեկտեմբերին նրանք պարել են ամանորյա միջոցառման ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:











