«Ձեր հակառակորդները պնդում են, որ Դուք կորոնավիրուսի դեմ պայքարում եք ուղիղ եթերներով, սելֆիներով, պատասխանատու եք այս ամենի համար և պետք է հրաժարական տաք». BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին (տեսանյութ)

16:50 • 14.08.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ վերջինիս քաղաքական հակառակորդները, մասնավորապես` Հանրապետական կուսակցության անդամները խիստ քննադատել են վարչապետին կորոնավիրուսի դեմ վատ պայքարի համար և պահանջել նրա հրաժարականը:

«Ձեր հակառակորդները Երևանում, Հանրապետական կուսակցությունը հայտարարել են, որ Դուք կորոնավիրուսի դեմ պայքարում եք ուղիղ եթերներով, սելֆիներով, ցատկոտելով, Դուք պատասխանատու եք այս իրավիճակի համար, շատ սխալներ եք գործել և պետք է հրաժարական տաք»,-ասել է հաղորդավարը:

«Հայաստանը ժողովրդավար երկիր է, և ընդդիմությունն ազատ է իր մտքերն արտահայտելու հարցում: Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունը կարողանում է գործել շատ ավելի ազատ, քան մինչ հեղափոխությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:

«Կորոնավիրուսը վերահսկողության տակ առնելու Ձեր կառավարության ջանքերը հաջողություն չեն ունեցել, հակառակը` այն ձախողվել է, այնպես չէ՞»,-մինչ այդ հարցրել է հաղորդավարը:

«Ես կարծում եմ, որ դեռ շատ վաղ է եզրակացություններ անել, որովհետև, դժբախտաբար, համավարակը զարգացող վիճակում է ամբողջ աշխարհում: Մենք ռազմավարություն ենք մշակել մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Եկեք եզրակացություններ անենք այն ժամանակ, երբ կորոնավիրուսը համաշխարհային մակարդակով հաղթահարված կլինի»,-պատասխանել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութում այդ հատվածը 17:15 րոպեից.