«ՍԴ 3 դատավորների լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը քաղաքականապես մոտիվացված որոշման տպավորություն է թողնում». BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ Սահմանադրական դատարանի 3 դատավորների լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը քաղաքականապես մոտիվացված որոշման տպավորություն է թողնում:
«Եվ ես հենց նոր Ձեզ ասացի, թե ինչ եզրահանգման է եկել Human Rights Watch (միջազգային իրավապաշտպան-Խմբ.) կազմակերպությունը. Ձեր երկրում կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն, որ այս պահին Ձեր օրակարգն այնքան էլ կոռուպցիան արմատախիլ անելու մասին չէ, որքան Ձեր քաղաքական թշնամիներից ոմանց հակահարված հասցնելու: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ձեր ընդունած որոշմանը, որով կասեցրել եք Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունները, որոնք խոչընդոտում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետաքննությանը: Տպավորություն է, որ դա քաղաքականապես մոտիվացված որոշում է, արդյո՞ք դրանով են այժմ պայմանավորված ձեր գործողությունները»,- ասել է հաղորդավարը:
«Մենք սկզբից էլ փորձել ենք ունենալ մեր սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: Մենք մեր սահմանադրության մեջ նշում ունեինք Սահմանադրական դատարանի մասին, բայց իրականում ունեինք ամբողջովին այլ Սահմանադրական դատարան: Մենք դա անում ենք, որպեսզի ունենանք մեր սահմանադրությանն ամբողջովին համապատասխանող Սահմանադրական դատարան»,-պատասխանել է Փաշինյանը:
Տեսանյութում այդ հատվածը 19:25 րոպեից.










