Շատ կուզեինք բոլոր հայրենադարձներին միանգամից անվճար տուն տալ, աշխատանքով ապահովել, բայց Հայաստանն ԱՄՆ-ն կամ Շվեյցարիան չէ, սահմանափակ ռեսուրներ ունեցող պետություն է. Զարեհ Սինանյան

16:25 • 14.08.20

Մենք շատ կուզեինք բոլոր եկողներին միանգամից անվճար տուն բաժանել, աշխատանքով ապահովել, բոլոր տնտեսական, սոցիալական, առողջապահական փաթեթներն իրենց տալ, բայց հիմա Հայաստանը Հայաստանն է, Միացյալ Նահանգները կամ Շվեյցարիան չէ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպիսի ծրագրեր են լինելու՝ Հայաստան վերադարձող լիբանանահայերին տրվող աջակցության համար, ֆինանսական ինչ աղբյուրներից և ինչ ժամկետներով:

«Ամեն դեպքում, մեր հնարավորության սահմաններում մենք պատրաստ ենք լավագույնն անել, որ այն հայը, որն ուզում է լքել Լիբանանը, նախընտրի Հայաստան գալը, և ոչ մեկ այլ երկիր»,- ասաց նա:

Զարեհ Սինանյանն ասաց, թե նշված հարցերի վերաբերյալ ավելի հստակ կարող են խոսել առաջիկա 15 օրվա ընթացքում:

«Մի հասարակ բան կա, որը, կարծում եմ, տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է՝ մի կողմից կա մեր անդրդվելի նվիրվածությունը հայրենադարձության և Հայաստան եկող հային Հայաստանը տուն դարձնելու գաղափարին, մյուս կողմից՝ այն փաստը, որ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետություն է»,-ասաց նա:

«Պետության վիճակը նախանձելի չէ այն իմաստով, որ մի կողմից բացահայտորեն տրամադրություն կա հայության՝ Լիբանանից հեռանալու, որի համար ես ցավում եմ, մյուս կողմից՝ մեզ անընդհատ մեղարում են՝ ինչու բոլոր լիբանանահայերին չեն բերում այստեղ: Երկու խնդիր կա՝ նախ՝ մենք չենք կարող նման գործողության քաջալերողի դերում լինել, որովհետև չենք կարող դիտվել որպես համայնքը ոչնչացնող կամ Լիբանանի հասարակական բալանսը խախտող, մյուս կողմից էլ՝ նաև ունենք  մեր տնտեսական սահմանափակումները»,-ասաց Սինանյանը՝ հավելելով, որ այդ ամենով հանդերձ՝ պետությունն իր հայրենակիցներին ուշադրությունից դուրս չի թողնի: