«Ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ». Լուկաշենկո

14:01 • 14.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր` օգոստոսի 14-ին, երկրում շինարարական ոլորտի աշխատանքներին նվիրված նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրում գործադուլները կարող են շատ բացասական կերպով ազդել ձեռնարկությունների հետագա աշխատանքի վրա: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:

«Սկզբի համար, ես դեռևս ողջ եմ և արտերկրում չեմ, ինչպես որոշներն են ասում, թե նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում: Այսօր ամսի 14-ն է, մենք ձեզ հետ հանդիպում ենք, որպեսզի քննարկենք շինարարական ոլորտի աշխատանքը»,-նշել է Բելառուսի նախագահը նիստի սկզբում:

Լուկաշենկոն նշել է, որ երկրում փորձում են ցնցել աշխատանքային կոլեկտիվներին:

«Դուք դա լավ գիտեք, զգում եք: Իհարկե, աշխատանքային կոլեկտիվները մեր երկրի հիմքն են: Դուք իմ դիրքորոշումն իմացել եք և գիտեք: Համավարակի ընթացքում ես արգելել էի աշխատանքից ազատել մարդկանց, նրանց փողոց նետել: Դժվար է, հիմա էլ հեշտ չէ: Շինարարները կեցցեն, նրանց վիճակն ավելի հեշտ է, նրանք բոլորը գործով են զբաղված: Բայց ամեն դեպքում փորձում են շինարարներին էլ ներգրավվել այնտեղ: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կորոնավիրուսի ծանր ժամանակներում ոչ ոքի չենք ստիպել: Այստեղ էլ ոչ ոքի չպետք է պահենք: Եթե մարդիկ ցանկանում են աշխատել` խնդրեմ: Ահա աշխատանքը, եկեք, աշխատեք: Եթե մարդը չի ցանկանում աշխատել, մենք չենք ստիպելու»,-ասել է Լուկաշենկոն:  

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օգոստոսի 13-ին Բելառուսում գործադուլներ էին սկսվել «ԲելԱԶ» (Բելառուսի ավտոմոբիլային գործարան) և «Գրոդնո ազոտ» ձեռնարկություններում: Գործադուլներ են տեղի ունենում նաև Մինսկի և այլ քաղաքների ձեռնարկություններում:

Զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է: