«Չե՞ք զղջում ամերիկացիներին ասած Ձեր բոլոր ստերի համար». Թրամփն անպատասխան է թողել լրագրողի «անհարմար» հարցը (տեսանյութ)

21:34 • 14.08.20

Անցած հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրող Սիրիշ Դեյթը նախագահ Դոնալդ Թրամփին բավական անսպասելի հարց է հղել, ինչը դուր չի եկել երկրի ղեկավարին, գրում է The Guardian-ը:

«Պարոն նախագահ, Ձեր նախագահությունից երեքուկես տարի հետո արդյո՞ք զղջում եք Ձեր բոլոր ստերի, ամերիկացի ժողովրդին ասած ստերի համար»,-հարցրել է լրագրողը: 

«Բոլոր ինչերի՞ց»,-հարցրել է Թրամփը:

«Բոլոր ստերից և կեղծիքներից»,-հավելել է Դեյթը:

«Իսկ ո՞վ է նման բան արել»,-շարունակել է նախագահը, ինչին ի պատասխան լրագրողն ասել է.«Դուք տասնյակ հազարավոր...»:

Թույլ չտալով, որ Դեյթն ավարտի իր խոսքը՝ Թրամփը խոսքի հնարավորություն է տվել մեկ այլ լրագրողի:

Ճեպազրույցից հետո Դեյթը նշել է, որ նախագահի արձագանքն իրեն չի զարմացրել, քանի որ «Թրամփը միշտ էլ արհամարհում է անհարմար հարցերը»:

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Թրամփն իր նախագահության ընթացքում ավելի քան 20 000 կեղծ և ապակողմնորոշիչ հայտարարություն է արել: