Լեհաստանի Սեյմը խնդրել է Բելառուսից քաղաքական ապաստան խնդրողների համար արագ ընդունման կարգ սահմանել
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, դիմել է երկրի կառավարությանը՝ խնդրելով Բելառուսից քաղաքական ապաստան խնդրողների արագ ընդունման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, հայտնում է ria.ru-ն:
Սեյմն այս հարցով ընդունել է բանաձև, որում ասվում է. «Լեհաստանի Հանրապետության Սեյմը դիմում է երկրի կառավարությանը, որպեսզի Բելառուսում հետապնդումների զոհերին մարդասիրական օգնություն ցուցաբերվի, ինչպես նաև Բելառուսից քաղաքական փախստականների արագ ընդունման հնարավորություն ստեղծվի»:
Բացի այդ, Սեյմը դատապարտել է «Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումն ու ընտրությունների արդյունքների կեղծումը»:
Լեհ օրենսդիրները պահանջել են անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, վերջ տալ բռնաճնշումներին և հասարակության ներկայացուցիչների նկատմմաբ ուժ չկիրառել, ինչպես նաև խաղաղ երկխոսություն սկսել հանրության հետ:
Հատկանշական է, որ Սեյմի պատգամավորները բանաձևի ընթերցումը կանգնած են լսել. նրանցից շատերը ձեռքերում պահել են Բելառուսի ընդդիմության սպիտակ-կարմիր դրոշները:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:










