Մի փոքր ճիշտ չէ ասել՝ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ անցկացնում է հայրենադարձութան քաղաքականություն, այնտեղ մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ. Զարեհ Սինանյան (տեսանյութ)
Ասել, թե ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ անցկացնում է հայրենադարձութան քաղաքականություն, մի փոքր ճիշտ չէ: Այս մասին Լիբանան կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսին հայտարարեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճիշտ չէ այն իմաստով, որ ասել՝ մենք անցկացնում ենք հայրենադարձության քաղաքականություն, նշանակում է՝ մենք թելադրողի դերում ենք, մենք ենք ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ կամ հայրենադարձվել: Իրականում դա այդպես չէ, իրականում մենք դիտորդի դերում ենք եղել մինչ այժմ. այսինքն՝ չենք թելադրել հայրենադարձության ընթացք Լիբանանում: Այնտեղ ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնց արդյունքում այսօր կա այն, ինչ կա»,-ասաց նա՝ ներկայացնելով այդ հանգամանքները.
«Երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որը մի փոքր արհեստածին է ՝ պարտադրված է Լիբանանին, բայց որի հետևանքները շատ լուրջ են: Բանկային համակարգի՝ արդեն մեկ տարուց ավելի տևող կաթվածահար վիճակ, նաև՝ մարդկանց մոտ վախ կա, որ այնտեղ կարող են տեղի ունենալ սիրիական քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ, այս ամենին ավելանում են կորոնավիրուսի պատճառով առաջ եկած հավելյալ տնտեսական խնդիրները, և վերջին պայթունը»:
Սինանյանն ընդգծեց՝ դեռ մեկ տարի առաջ Լիբանանում արված հարցումների համաձայն՝ դրանց մասնակցած լիբանանահայերի 58 տոկոսն ասել է, որ մոտ ապագայում լքելու է Լիբանանը, իսկ 49 տոկոսը նշել է, որ մտածում է նաև Հայաստան գալու մասին:
«Մենք՝ որպես պետություն, օրինական պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների նկատմամբ, իսկ դեսպանատան տվյալներով՝ մոտ 25 000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է: Երկորդ՝ բարոյական պատասխանատվություն ենք կրում մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի՞ են, թե՞ ոչ: Հետևաբար՝ եթե լիբանանահայությունը լքելու է Լիբանանը, բնական է՝ մենք ցանկանում ենք, որ գան Հայաստան: Սա է մեր քաղաքականությունը»,-ասաց նա՝ նշելով, թե ՀՀ Կառավարությունը փաթեթ է պատրաստում, որ կորաղանա նորմալ ձևով ընդունել այն մարդկանց, որոնք ուզում են լքել Լիբանանն ու գալ Հայաստան:
«Ծրագրիի նպատակն է, որ նրանք հաստատվեն հայրենիքում, լինեն հասարակության լիիրավ անդամներ, դառնան ՀՀ քաղաքացիներ, հարկեր վճարողներ, զինվորներ և միասին կերտենք մեր երազած հայրենիքը»,-ասաց նա:
Վերջինս նշեց նաև, թե Լիբանանում հանդիպումներ են անցկացրել մի խումբ հայրենակիցների հետ՝ հոգևոր առաջնորդների, մշակութային հաստատությունների ու կուսակցութունների ներկայացուցիչների հետ և երկու՝ իրար բավական հակասող տեղեկություն են ստացել՝ հոգևոր առաջնորդները նշել են, որ լիբանանահայությունն ամուր է, կառչած է լիբանանյան հողին, համայնքը վերականգնվելու է, և այս ամենն անցողիկ է:
«Մյուս գրեթե բոլոր կազմակերպությունների, և մանավանդ բոլոր անհատների հետ հանդիպումների ընթացքում լրիվ այլ պատգամ ստացանք՝ բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը և ցանկությունը՝ լքել Լիբանանը, իսկ մեծ մասի ցանկությունը՝ գալ Հայաստան»,- ներկայացրեց Սինանյանը՝ ընդգծելով, թե խնդիրն իրականում շատ բարդ է:
«Մարդիկ, նույնիսկ ունենալով ցանկությունը, ֆիզիկապես չեն կարող գալ, որովհետև բանկային սահմանափակումների պատճառով չեն կարող հանել իրենց գումարը բանկերից, տնտեսական լուրջ ճգնաժամի հետևանքնով չեն կարողանում վաճառել իրենց տները, բիզնեսները, իսկ դրանք այն գումարներն են, որ նախատեսել են որպես հիմք՝ հաջորդ հանգրվանը կերտելու համար, հետևաբար չեմ կարծում՝ այդ հոսքը մեկ շաբաթվա, ամսվա, կամ նույնիսկ մեկ տարվա ընթացքում է տեղի ունենալու»,-հայտարարեց Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության պատվիրակությունը, որի կազմում կար նաև ԱԺ ներկայացուցիչ, Լիբանանում էր օգոստոսի 9-11-ը: Այցի նպատակը մարդասիրական օգնության տրամադրումն ու տեղում իրավիճակին ծանոթանալն էր, որի հիման վրա էլ Կառավարությունն այդ հարցով կմշակի կարճաժամկետ, միջմաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:










