Սոչիում քամին ծովն է քշել փչովի ներքնակի վրա պառկած երկու հարբած տղամարդու

11:31 • 14.08.20

Սոչիում քամին փչովի ներքնակի վրա պառկած երկու տղամարդու քշել և 1 կիլոմետր հեռացրել է ափից․ օգնության համար փրկարարներին է դիմել տղամարդկանցից մեկի կինը, գրում է eadaily.com կայքը ՝ հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական վարչությանը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը փրկարարներին է զանգահարել երեկ վաղ առավոտյան և հայտնել, որ «Լազարևսկիյ 2» լողափի մոտ իր ամուսինն ու նրա ընկերը ներքնակի վրա պառկած են եղել, երբ քամին դեպի ծովն է քշել նրանց։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են, որ հանգստացողները լողափից 1 կիլոմետր հեռու են։ Վերջիններիս հետևից մոտորանավակ է ուղարկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փրկել են տղամարդկանց և ափ տեղափոխել նրանց։ Նշվում է, որ տղամարդկանց վրայից սուր ալկոհոլի հոտ է փչել, սակայն իրենց լավ են զգացել, և բուժօգնության կարիք չի եղել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ փրկվածները Սոչի էին ժամանել Նիժնի Նովգորոդից: