«Լիցքավորվենք սուպեր էներգիայով ընդդեմ բեղավոր չարագործի». Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ Բեթմենն ու Սարդ մարդն ակցիայի մասնակիցներին ջուր և շոկոլադ են բաժանել (տեսանյութ)

11:55 • 14.08.20

Բեթմենն ու Սարդ մարդը մասնակցել են Բելառուսում երեկ անցկացված բողոքի ակցիային և ակցիայի մասնակիցներին ջուր և շոկոլադ են բաժանել: Այս մասին գրում է meduza.io կայքը:

Ակցիայի մասնակիցները սուպերհերոսներին ծափահարություններով են դիմավորել:

«Լիցքավորվենք սուպեր էներգիայով ընդդեմ բեղավոր չարագործի»,-ասել է Սարդ մարդը:

Պարզ չէ, թե ովքեր են թաքնված եղել հերոսների դիմակի տակ, նրանք նախընտրել են գաղտնի պահել իրենց ինքնությունը:

Զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: