Պենտագոնում հատուկ խումբ կստեղծվի չբացահայտված թռչող օբյեկտների ուսումնասիրման համար. CNN

12:10 • 14.08.20

Չբացահայտված թռչող օբյեկտների ուսումնասիրմամբ ԱՄՆ ռազմական գերատեսչությունում՝ Պենտագոնում ստեղծված հատուկ խումբը կզբաղվի, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում տալով Պենտագոնի աղբյուրներին։

Առկա տվյալների համաձայն՝ նախագիծը ղեկավարելու է պաշտպանության առաջին փոխնախարար Դևիդ Նորքվիսթը։ Նշվում է, որ նման խմբի կազմավորման մասին պաշտոնական տեղեկություն կհաղորդվի մի քանի օր անց։

Ավելի վաղ փուլերում չբացահայտված թռչող օբյեկտների հարցով զբաղվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ հետաքննությունների բաժինը։ Նշվում է, որ CNN-ն այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանք է ուղարկել Պենտագոնին, սակայն պատասխան դեռևս չի ստացել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուները բազմիցս իրենց հրամանատարությանը զեկուցել են չբացահայտված թռչող օբյեկտների հետ հանդիպումների մասին։

Նշվում է, որ 2013 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը գրանցվել է նման 8 դեպք, ընդ որում՝ մի քանիսի դեպքում ՉԹՕ-ները նկատվել են ռազմական «ինքնաթիռներից վտանգավոր հեռավորության վրա»։

Ըստ հաղորդման՝ 2014 թվականի մարտի 26-ին Վիրջինիա Բիչ քաղաքի շրջանում ինքնաթիռներից մեկից մոտ 305 մետր հեռավորության վրա թռչող օբյեկտ է նկատվել․ օդաչուի վկայությամբ՝ արծաթագույն օբյեկտը մոտավորապես ճամպրուկի չափի է եղել։