Մեքսիկայի նախագահը 30-օրյա սուգ է հայտարարել` երկրում կորոնավիրուսից մահացածների հիշատակին

21:13 • 15.08.20

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը 30-օրյա համազգային սուգ է հայտարարել՝ երկրում «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածների հիշատակին:

Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին հետևում է նախագահի գրասենյակի՝ ուրբաթ հրապարակած հայտարարությունից: Մեքսիկայի կառավարությունն «իր անկեղծ ցավակցությունն է հայտնել համավարակից տուժածների ընտանիքներին» և գնահատել է բուժաշխատողների գործադրած ջանքերը՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն:

Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոս-ի 13-ից մինչև սեպտեմբերի 11-ը երկրով մեկ կիջեցվեն դրոշները: Բացի այդ, ամեն օր կեսօրին լռության րոպե կպահպանվի:

Վերջին տվյալների համաձայն՝ հյուսիսամերիկյան երկրում կորոնավիրուսից մահացել է 55 908 մարդ: Այս տվյալով Մեքսիկան երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Համաճարակի ողջ ընթացքում վարակման ավելի քան 511 հազար դեպք է արձանագրվել` մոտ 130 մլն բնակչություն ունեցող երկրում: